Շաբաթվա գիրքը | Առաջնորդությունը վտանգի եզրին (Leadership on the Line)
Եթե ձեր նպատակն է ոչ միայն ղեկավարել, այլև իրական փոփոխություններ բերել ձեր թիմում կամ կազմակերպությունում, ապա դուք հաստատ գիտեք, որ դա երբեմն նման է ականապատ դաշտով անցնելուն:
staffmedia.am-ում մենք շարունակում ենք ներկայացնել այն գրականությունը, որը սովորեցնում է առաջնորդության արվեստը՝ իր ողջ բարդությամբ: Եթե նախորդ շաբաթ «Մեկ րոպեանոց մենեջերը» գրքի միջոցով մենք բացահայտեցինք կառավարման պարզ ու արդյունավետ գործիքները, ապա այսօր ինչպես հեղինակն է նշում, մենք անցնում ենք «կրակի գիծը»:
Ռոնալդ Հայֆեցի և Մարտի Լինսկիի «Առաջնորդությունը վտանգի եզրին. ինչպես ողջ մնալ առաջնորդության փորձությունների մեջ» գիրքը համարվում է առաջնորդության «գոյապահպանման» ձեռնարկ: Հեղինակները պնդում են՝ առաջնորդությունը ոչ թե պաշտոն է կամ հմտությունների հավաքածու, այլ վտանգավոր գործողություն, որը պահանջում է քաջություն և ռազմավարական հեռատեսություն:
Գլուխ 1.Ինչո՞ւ է առաջնորդությունը վտանգավոր
Հեղինակները բացում են գիրքը մի հիմնարար գաղափարով. առաջնորդությունը վտանգավոր է, որովհետև այն մարտահրավեր է նետում մարդկանց սովորույթներին, արժեքներին և ապրելակերպին: Երբ դուք առաջնորդում եք փոփոխությունը, դուք մարդկանցից պահանջում եք ինչ-որ բան կորցնել՝ լինի դա հին սովորույթ, հարմարավետություն կամ իշխանություն: Այստեղ է ծնվում «ադապտիվ (հարմարվողական) մարտահրավերի» գաղափարը. սա այն խնդիրն է, որը չունի պատրաստի լուծում և պահանջում է մարդկանցից վերափոխվել:
Գլուխ 2. Վտանգի դեմքերը. Ինչպե՞ս են մեզ փորձում կանգնեցնել
Վտանգը միշտ չէ, որ բացահայտ է: Հեղինակները նկարագրում են չորս հիմնական մեթոդ, որոնցով համակարգը փորձում է չեզոքացնել առաջնորդին.
Մարգինալացում. ձեզ դարձնում են «ձայն բարբառո հանապատի»՝ անտեսելով ձեր գաղափարները:
Ուշադրության շեղում. ձեզ ծանրաբեռնում են մանրուքներով, որպեսզի չզբաղվեք գլխավոր հարցերով:
Հարձակում. թիրախավորում են ձեր անձը, այլ ոչ թե ձեր առաջարկած բարեփոխումը:
Գայթակղություն (Seduction). ձեզ փորձում են «գնել» լավ պաշտոնով կամ հարմարավետությամբ, որպեսզի դադարեք անհանգստացնել համակարգին:
Գլուխ 3. Բարձրացեք պատշգամբ. Տեսնել ամբողջ պատկերը
Սա առաջնորդության ամենակարևոր հմտությունն է: Երբ դուք գործողությունների մեջ եք (պարահրապարակում), դուք չեք տեսնում ընդհանուր դինամիկան: «Պատշգամբ բարձրանալը» նշանակում է պահպանել դիտորդի սառնասրտությունը գործողությունների պահին: Դա թույլ է տալիս տեսնել, թե ով է դիմադրում, ով է վախենում և որտեղ է իրականում թաքնված խնդիրը: Առանց պատշգամբի՝ դուք պարզապես արձագանքում եք հարվածներին, այլ ոչ թե կառավարում գործընթացը:
Գլուխ 4. Ախտորոշեք ադապտիվ մարտահրավերը
Առաջնորդության ձախողումների մեծ մասը տեղի է ունենում այն պատճառով, որ մենք ադապտիվ խնդիրներին տալիս ենք տեխնիկական լուծումներ: Օրինակ՝ ընկերության մշակույթը փոխելու փոխարեն (ադապտիվ), մենք նոր ծրագրային ապահովում ենք ներդնում (տեխնիկական): Առաջնորդի գործն է՝ հասկանալ տառապանքի իրական պատճառը: Սա պահանջում է խորը հետազոտություն և համարձակություն՝ բարձրաձայնելու այն «տհաճ» ճշմարտությունները, որոնք բոլորը գիտեն, բայց լռում են:
Գլուխ 5. Լսեք տողատակերի երգը
Իրական հաղորդակցությունը բառերից անդին է: Լսել «տողատակերի երգը» նշանակում է հասկանալ մարդկանց հուզական վիճակը: Երբ աշխատակիցը բողոքում է նոր ժամանակացույցից, նա գուցե իրականում վախենում է, որ չի համապատասխանում նոր պահանջներին: Էմպատիկ լսելը թույլ է տալիս առաջնորդին հասցեագրել մարդկանց վախերը, այլ ոչ թե միայն նրանց փաստարկները:
Գլուխ 6. Կառավարեք կոնֆլիկտի ջերմաստիճանը
Փոփոխությունը պահանջում է լարվածություն: Եթե «ջերմաստիճանը» շատ ցածր է, մարդիկ իներտ են և չեն փոխվում: Եթե շատ բարձր է՝ համակարգը պայթում է կամ ձեզ հեռացնում: Առաջնորդի խնդիրն է՝ պահել լարվածությունը «արտադրողական տիրույթում»: Դուք պետք է ստեղծեք այնպիսի միջավայր, որտեղ մարդիկ իրենց բավականաչափ անհանգիստ կզգան փոփոխվելու համար, բայց բավականաչափ պաշտպանված՝ չհուսահատվելու համար:
Գլուխ 7. Վերադարձրեք աշխատանքը մարդկանց
Մի փորձեք լինել փրկիչ: Երբ առաջնորդը վերցնում է ողջ պատասխանատվությունը իր վրա, նա թույլ չի տալիս թիմին աճել: Իրական առաջնորդը խնդիրը հետ է վերադարձնում նրանց, ում այն պատկանում է: Սա նշանակում է սովորեցնել մարդկանց պատասխանատվություն կրել իրենց բաժին փոփոխության համար: Դուք ոչ թե պետք է լուծեք խնդիրը նրանց փոխարեն, այլ օգնեք նրանց գտնել այդ լուծումը:
Գլուխ 8. Պահպանեք կայունությունը (Holding Steady)
Երբ սկսվում է դիմադրությունը, առաջնորդը պետք է կարողանա «կանգուն մնալ»: Դա նշանակում է՝ չարձագանքել հարձակումներին նույն ագրեսիայով, չարդարանալ և չնահանջել: Դուք պետք է դառնաք այն «խարիսխը», որին նայելով մարդիկ կհասկանան, որ փոփոխությունն անխուսափելի է: Լռությունը և հանդարտությունը երբեմն ավելի հզոր գործիքներ են, քան ճառերը:
Գլուխ 9. Կրակը պահեք ձեր վրա (Keep the Heat on Yourself)
Սա վերաբերում է անձնական պատասխանատվությանը: Դուք չեք կարող պահանջել ուրիշներից փոխվել, եթե ինքներդ պատրաստ չեք դրան: Առաջնորդը պետք է անընդհատ վերլուծի իր սխալները, ընդունի իր թերությունները և լինի բաց քննադատության համար: Ձեր խոցելիությունը ոչ թե թուլություն է, այլ վստահություն ներշնչելու միջոց:
Գլուխ 10. Խուսափեք առաջնորդության հիմնական թակարդներից
Գիրքն ավարտվում է զգուշացումներով: Հեղինակները հիշեցնում են՝ մի՛ հրապուրվեք ծափահարություններով, մի՛ հավատացեք, որ միայն դուք գիտեք ճիշտ ճանապարհը, և երբեք մի՛ կորցրեք կապը ձեր ներքին արժեքների հետ: Առաջնորդությունը հեշտությամբ կարող է վերածվել ինքնասիրահարվածության, ինչը կլինի ձեր վերջի սկիզբը:
Այսպիսով առաջնորդությունը ոչ թե ապահով նավահանգիստ է, այլ բաց ծովի փոթորիկը։ Իսկական առաջնորդությունը սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է հարմարավետությունը։ Այն պահանջում է կարողություն՝ մի պահ դուրս գալ աշխատանքային հորձանուտից, սթափ հայացքով գնահատել իրականությունը և չվախենալ մարդկանց դեմ հանդիման կանգնեցնել իրենց իսկ խնդիրներին։ Սա գոյատևման ուղեցույց է նրանց համար, ովքեր պատրաստ են զոհաբերել սեփական անդորրը՝ թիմին դեպի իրական ու երբեմն աճ առաջնորդելու համար։