staffmedia.am-ի համար առանձնակի նշանակություն ունի մեր գործընկերների հաջողությունների լուսաբանումը, հատկապես երբ դրանք դուրս են գալիս տեղական շուկայի սահմաններից և դառնում համաշխարհային օրակարգի մաս։ Այսօր մենք մեծ հպարտությամբ ու ջերմությամբ շնորհավորում ենք մեր գործընկեր Ամերիաբանկին՝ հայաստանյան ֆինանսական համակարգի համար աննախադեպ և պատմական նվաճման կապակցությամբ։
Ամերիաբանկը` որպես Lion Finance Group (LFG) միջազգային ֆինանսական խմբի մաս, ներառվել է աշխարհի առաջատար բորսաներից մեկի` Լոնդոնի ֆոնդային բորսայի (London Stock Exchange) FTSE 100 ինդեքսում։ Այսպիսով, որպես LFG խմբի անդամ` Ամերիաբանկն առաջին հայկական հաստատությունն է, որն ընդգրկվում է Լոնդոնի ֆոնդային բորսայի 100 խոշորագույն ընկերությունների շարքում` խմբի շուկայական կապիտալիզացիայի մեծության շնորհիվ:
2006թ-ից Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակված լինելով՝ LFG ֆինանսական խումբն ընդգրկվում է FTSE 100 ինդեքսում Ամերիաբանկի՝ խմբին միանալուց շուրջ երկու տարի անց։ Սա վկայում է Ամերիաբանկի` խմբում ընդգրկվելու ռազմավարական նշանակության և խմբի ընդհանուր զարգացման մեջ ունեցած էական ներդրման մասին։
LFG խումբն ինդեքսին պաշտոնապես կմիանա 2026թ. մարտի 20-ին՝ շուկաների փակումից հետո: Փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2026թ. մարտի 23-ին։ FTSE 100 ինդեքսում ընդգրկված են այնպիսի առաջատար միջազգային ընկերություններ ֆինանսական և այլ ոլորտներից, ինչպիսիք են HSBC-ն (HSBA), Barclays-ը (BARC), Lloyds Banking Group-ը (LLOY), Rolls-Royce Holdings-ը (RR), Unilever-ը (ULVR), Coca-Cola-ն (CCH, CCEP), AstraZeneca-ն (AZN) և այլն: Իր շուկայական արժեքով LFG-ն առաջ է անցել այնպիսի ընկերություններից, ինչպիսիք են Burberry-ն (BRBY) և EasyJet-ը (EZJ):
Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն ընդգծում է իրադարձության կարևորությունը ոչ միայն բանկի և խմբի, այլև տարածաշրջանի և Հայաստանի համար:
Սա կարևոր ազդակ է միջազգային ներդրողների վստահության տեսանկյունից: Լոնդոնի ֆոնդային բորսայի այս ինդեքսում ներառվելը նշանակում է, որ միջազգային ներդրումային մասնագիտական համայնքը բարձր է գնահատել մեր զարգացման ռազմավարությունը և դրա իրականացման շնորհիվ գրանցված արդյունքները: Ընդհանուր առմամբ, FTSE 100-ում ընդգրկվելը նպաստում է Հայաստանի տեսանելիության ու հեղինակության բարձրացմանը։ Այս կարևոր ձեռքբերման առիթով ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել մեր թիմին մեծ նվիրումի ու պրոֆեսիոնալիզմի, ինչպես նաև հաճախորդներին ու գործընկերներին` վստահության և համագործակցության համար:
Lion Finance Group-ի գործադիր տնօրեն Արչիլ Գաչեչիլաձեն իր հերթին նշել է․
FTSE 100 ինդեքսում ընդգրկվելը թիմերի հետևողական աշխատանքի արդյունքում ստեղծված արժեքի պաշտոնական ճանաչումն է։ Այս նվաճումն ընդգծում է Lion Finance Group-ի ռազմավարության հզորությունը, ինչպես նաև նրա նորարարական, տեխնոլոգիաների վրա հիմնված և հաճախորդակենտրոն մոտեցումը թե՛ հայկական, թե՛ վրացական շուկաներում։ Ես կարծում եմ, որ այս ձեռքբերումը կամրապնդի միջազգային ներդրողների հետաքրքրությունը խմբի նկատմամբ և կնպաստի նոր ներդրումների ներգրավմանը։ Շնորհակալություն եմ հայտնում մեր թիմի բոլոր անդամներին, որոնց պրոֆեսիոնալիզմը և համատեղ ջանքերը հնարավոր դարձրին մեր ընդգրկումը FTSE 100 ինդեքսում։
Այս նվաճումը լավագույնս վկայում է այն մասին, որ հայաստանյան մասնագիտական ներուժն ու տեղական ընկերությունների որդեգրած միջազգային չափանիշները կարող են նվաճել համաշխարհային բարձունքները։ Ամերիաբանկի ներառումը FTSE 100-ում ոչ միայն բացառիկ բիզնես հաջողություն է, այլև ոգեշնչող ուժ յուրաքանչյուր մասնագետի համար, ով իր ամենօրյա աշխատանքով ձգտում է Հայաստանը տեսանելի դարձնել համաշխարհային քարտեզի վրա։ Staffmedia.am թիմը սիրով շնորհավորում է իր գործընկեր Ամերիաբանկին այս պատմական ձեռքբերման կապակցությամբ և մաղթում նորանոր վերելքներ ու հաստատուն հաջողություններ միջազգային հարթակներում։
Նյութի աղբյուրը՝ ameriabank.am

