StaffMedia-ն մշտապես ուշադրության կենտրոնում է պահում աշխատաշուկայի այն բացառիկ հնարավորությունները, որոնք ոչ միայն աշխատանք են առաջարկում սկսնակներին, այլև մասնագիտական կայացման հստակ ուղի։ Համալսարանն ավարտելուց հետո երիտասարդ մասնագետների համար ամենամեծ մարտահրավերը «ճիշտ դռնից» ներս մտնելն է։ Հաշվեքննիչ պալատի կողմից մեկնարկած «Սկսնակ աուդիտորների ներգրավման ծրագիրը» հենց այդպիսի հնարավորություն է՝ համատեղելու միջազգային որակավորումը, պետականամետ գործունեությունն ու վերլուծական աշխատանքը։ Թեմայի շուրջ զրուցել ենք Հաշվեքննիչ պալատի անդամ Ժիրայր Մխիթարյանի հետ՝ պարզելու, թե ինչու է սա լավագույն մեկնարկը բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտների համար։
Ի՞նչ հեռանկարներ է բացում այս ծրագիրը սկսնակ մասնագետների առջև և ինչո՞ւ է այն լավագույն ընտրությունը կարիերայի հենց սկզբում։
Համալսարանից դեպի աշխատաշուկա առաջին քայլը ամենապատասխանատու որոշումներից մեկն է։ Այն հատկապես բարդ է այն երիտասարդների համար, որոնք ստացել են բարձրորակ կրթություն, համալսարանում աչքի են ընկել բարձր առաջադիմությամբ ու ակադեմիական ակտիվությամբ։ Եվ բարդություն ասելով՝ բնավ աշխատանք գտնելը նկատի չունեմ։ Նման երիտասարդները կարող են դիմել ամենատարբեր աշխատանքի հայտարարությունների և մեծ հավանականությամբ հաջողությամբ հաղթահարել մրցութային փուլերը։ Իրական բարդությունը այնպիսի աշխատանք գտնելն է, որն ի սկզբանե կլինի հետաքրքիր ու ստեղծագործական, հնարավորություն կտա անընդհատ սովորելու ու զարգանալու, կայանալու որպես միջազգային չափանիշներին համապատասխանող մասնագետ։ Եվ ամենակարևորը՝ աշխատանք, որը չի սահմանափակվում պարզապես առօրեական առաջադրանքների կատարմամբ և դրանց դիմաց վարձատրությամբ, այլ աշխատանք որով կերտվում է ավելին, ստեղծվում ավելի մեծ ու մասշտաբային հավելյալ արժեք։ Արժեք, ինչպիսին է նպաստելը մեր պետության կառավարման արդյունավետության աճին և մեր քաղաքացիների կյանքում դրական փոփոխություններին։ Կատարողականի աուդիտորի աշխատանքը ընձեռում է հենց նման հնարավորություններ։
Եթե փորձեք ամփոփ նկարագրել, ինչո՞վ է զբաղվում կատարողականի աուդիտորը։
Եթե մեկ բառով նկարագրենք, ապա այս աշխատանքը արդյունավետության մասին է. պետության աշխատանքի արդյունավետության, պետական ռեսուրսների օգտագործման արդյունավետության մասին։
Յուրաքանչյուր կատարողականի աուդիտ սկսվում է արդյունավետության որևէ կարևոր հիմնախնդրից։ Աուդիտորը սկսում է ինտենսիվորեն հետազոտել այդ խնդիրը, հավաքում է տվյալներ, վերլուծում դրանք, խորանալով վեր է հանում այդ պրոբլեմի պատճառները։ Այդ ընթացքում նա քննարկումներ է ունենում ոլորտային գերատեսչությունների մասնագետների հետ, ուսումնասիրում է միջազգային փորձը և փորձում գտնել տվյալ խնդրի հաղթահարման լավագույն մասնագիտական լուծումները։ Այս արդյունքները կարող են օգնել Ազգային ժողովին՝ իր օրենսդիր ու վերահսկողական գործառույթներն իրականացնելիս։ Այդ արդյունքները կարող են օգտագործվել Կառավարության կողմից՝ որպես արտաքին, անկախ, մասնագիտական հայացք, որը շատ դեպքերում թույլ է տալիս բարելավել իրականացվող աշխատանքները։
Որքան խորքային ու որակյալ է աուդիտորական արդյունքը, այնքան մեծ է դրա պոտենցիալը իրական կյանքում իրացվելու և քաղաքացիների կյանքում դրական փոփոխություններ առաջ բերելու հարցում։
Ի՞նչ առանձնահատկություն կնշեք, որ բնորոշ է այս աշխատանքին և տարբերակում է այն այլ աշխատանքներից։
Եթե պետք է միայն մեկ հանգամանք նշեմ, ապա կառանձնացնեմ, թերևս, մեր կյանքի գրեթե բոլոր հիմնական բնագավառներին առնչվելը։ Դժվար է գտնել այլ մասնագիտական աշխատանք, որը կունենա ոլորտային նման լայն ընդգրկում։ Կրթությունից մինչև առողջապահություն, ազգային անվտանգությունից մինչև բարեկեցություն, բնապահպանությունից մինչև արդարադատություն… մեր կյանքի ամենատարբեր ու ամենակարևոր ոլորտներում առկա խնդիրները կարող են դառնալ աուդիտի առարկա։ Արդյունքում, կատարողականի աուդիտորի աշխատանքը երբեք միապաղաղ չէ. մի խնդրին հաջորդում է մյուսը, մի ոլորտին՝ հաջորդը։ Սա հնարավորություն է տալիս կուտակել հարուստ և բազմազան փորձ, տեսնել տարբեր ոլորտներում առկա խնդիրների ընդհանրություններն ու տարբերությունները։
Ի՞նչ մասնագիտական կրթություն է պահանջվում այս ծրագրին դիմելու համար։
Ծրագրին դիմելու համար մասնագիտությունների շրջանակը սահմանափակված չէ։ Պատճառն էլ պայմանավորված է նախորդ հարցի պատասխանով. հաշվեքննության առարկա կարող են լինել ամենատարբեր բնագավառները, իսկ աշխատանքում կիրառվում են տարբեր մասնագիտություններում ընդունված հետազոտական ու վերլուծական մեթոդներ։
Ծրագրին դիմորդներից ովքե՞ր կհաջողեն մրցակցության մեջ։
Ամենաէականը հետազոտական ու վերլուծական զարգացած հմտությունների առկայությունն է, ծրագրի ընձեռած կրթական հնարավորություններից առավելագույնս օգտվելու հանձնառությունը, ինչպես նաև կուտակված մասնագիտական պոտենցիալը մեր պետության ու քաղաքացիների շահերին ծառայեցնելու վառ արտահայտված մոտիվացիայի առկայությունը։
Ի՞նչ բաղադրիչներից է բաղկացած այս ծրագիրը։
Ծրագիրը նախատեսված է որպես մասնագիտական զարգացման մեկնարկային փուլ։ Մասնակիցները մեկ տարի շարունակ անցնելու են կրթական դասընթաց, որը կտրամադրի կատարողականի աուդիտի միջազգային ստանդարտների վրա հիմնված հիմնարար գիտելիքներ, մասնակցելու են իրական աուդիտորական նախագծի իրականացմանը, ինչպես նաև մեկնարկելու են աուդիտորի միջազգային որակավորման (ACCA) ստացման իրենց ուղին։
Ծրագիրը նախագծված է այնպես, որ դառնա ամուր հիմք մասնակցի հետագա մասնագիտական ողջ կարիերայի համար։
Այսպիսով, եթե փնտրում եք զարգացնող միջավայր և լավ մասնագետ դառնալու հեռանկար, ապա այս ծրագիրը հենց ձեզ համար է։
Հաշվի առնելով «Սկսնակ աուդիտորների ներգրավման ծրագրի» հանդեպ մեծ հետաքրքրությունը՝ դիմումների ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև մարտի 31-ը ներառյալ։
StaffMedia-ն հաջողություն է մաղթում բոլոր դիմորդներին իրենց կարիերայի նոր փուլում։ Ծրագրի մանրամասներին և դիմելու կարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

