Հունվարի 23-ին ՏՏ համայնքի համար արդեն սիրելի դարձած վայրերից մեկում՝ Ground Zero-ում, տեղի ունեցավ staff.am-ի այս տարվա առաջին միջոցառումը՝ Compass Meetup-ը։ Հանդիպումը մեկ հարկի տակ էր հավաքել ՏՏ և Հեռահաղորդակցության ոլորտների առաջատար մասնագետներին, HR ղեկավարներին և գործընկերներին։
Միջոցառման նպատակը հստակ էր՝ ստեղծել մասնագիտական բաց երկխոսության հարթակ, որտեղ թվերի և փորձի համադրումը կօգնի ոլորտի որոշում կայացնողներին զգալ աշխատաշուկայի զարկերակը, վեր հանել առկա մարտահրավերներն ու գտնել արդյունավետ լուծումներ՝ նոր իրողություններում ճիշտ կողմնորոշվելու և ապագա զարգացումներին պատրաստ լինելու համար։
Հանդիպման բովանդակային առանցքում staff.am-ի կողմից իրականացված համապարփակ ուսումնասիրությունն էր։
staff.am-ի համահիմնադիր և «ՀՀ Աշխատաշուկա» զեկույցի հեղինակ Լուիզա Ավետիսյանը ներկայացրեց շուկայի իրական պատկերը՝ հիմնված հազարավոր տվյալների մանրակրկիտ վերլուծության վրա։ Զեկույցը լույս սփռեց մի շարք առանցքային հարցերի վրա, մասնավորապես՝
- Աշխատավարձերի դինամիկան. Վերլուծվել էին վերջին մեկ տարվա ընթացքում վարձատրության համակարգի տատանումները՝ պարզելու, թե որ մասնագիտություններն են գրանցել աճ, իսկ որոնք՝ մնացել տեղում։
- Պահանջվող հմտությունների էվոլյուցիան. Որո՞նք են այն թոփ մասնագիտական (Hard) և փափուկ (Soft) հմտությունները, որոնք այսօր դարձել են որոշիչ գործատուների համար։
- Բենեֆիթների փաթեթները. Ինչպե՞ս են ընկերությունները մոտիվացնում և պահպանում տաղանդներին առկա մրցակցային պայմաններում։

Տվյալների ներկայացմանը հաջորդեց միջոցառման երկրորդ՝ ինտերակտիվ հատվածը, որը վերածվեց ակտիվ և բաց քննարկման հարթակի։ Մասնակիցները հնարավորություն ունեցան ոչ միայն ուղղելու իրենց հարցերը, այլև կիսվելու սեփական փորձով՝ վերլուծելով գլոբալ և տեղական թրենդների ազդեցությունը հայաստանյան շուկայի վրա։



Քննարկման ընթացքում մասնակիցներն արձանագրեցին, որ հայաստանյան ՏՏ ոլորտը թևակոխել է «հասունացման և օպտիմալացման» փուլ։ Եթե նախկինում շուկան բնութագրվում էր ագրեսիվ հավաքագրմամբ, ապա այժմ գործատուները որդեգրել են առավել զգուշավոր և որակական մոտեցում։
Անշուշտ, հնարավոր չէր շրջանցել նաև Արհեստական բանականության և նրա հեղափոխական ազդեցության թեման։ Թեև այս հարցում մասնակիցների կարծիքները երբեմն տարբերվում էին, սակայն մեկ հիմնարար համոզմունք ընդհանուր էր բոլորի համար․ AI-ը չի փոխարինի մարդուն, բայց AI-ին տիրապետող մարդը կփոխարինի նրան, ով չի տիրապետում դրան։
Հատկապես հետաքրքրական էին 2026 թվականի զարգացման միտումներին և սպասվող մարտահրավերներին վերաբերող կանխատեսումները։ Քննարկումը ցույց տվեց, որ չնայած փոփոխական միջավայրին, ոլորտը շարունակում է մնալ դինամիկ, իսկ տվյալների վրա հիմնված որոշումները դառնում են հաջողության գրավականը։
Compass Meetup-ը ևս մեկ անգամ ապացուցեց, որ մասնագիտական networking-ը և փորձի փոխանակումը անփոխարինելի են ոլորտի զարգացման համար։ Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր գործընկերներին՝ օրը բովանդակալից և արդյունավետ դարձնելու համար։
Հանդիպումն ամփոփել ենք լուսանկարներում․










2025 թ․-ի հայաստանյան աշխատաշուկայի ամբողջական վերլուծությանը և թվային տվյալներին կարող եք ծանոթանալ «ՀՀ Աշխատաշուկա 2025» զեկույցում։

