Հայաստանը՝ արհեստական բանականության համաշխարհային հանգույց. Firebird AI մեգանախագծի առաջին փուլը պատրաստ է գործարկման
Հուլիսի 15-ին Հրազդանում կգործարկվի Firebird AI տվյալային կենտրոնը։ NVIDIA GPU-ներով մեգանախագիծը Հայաստանը կդարձնի ԱԲ ոլորտի համաշխարհային առաջատար հանգույց։
Կիսվել հոդվածով
Հայաստանի տեխնոլոգիական պատմության մեջ նոր և աննախադեպ էջ է բացվում։ Firebird AI ընկերությունը հայտարարել է իր մեգանախագծի առաջին փուլի ենթակառուցվածքների կառուցման աշխատանքների հիմնական ավարտի մասին։ Արդեն մի քանի օր է, ինչ Հայաստան է ժամանել գրաֆիկական պրոցեսորների առաջին խմբաքանակը, և դրանց տեղադրմանն անմիջապես հաջորդելու է տվյալային կենտրոնի պաշտոնական գործարկումը, որը նախատեսված է հուլիսի 15-ին։ Այս կարևոր իրադարձության մասին հունիսի 6-ին կազմակերպված մամուլի շրջայցի ընթացքում հայտարարեց ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը՝ ընդգծելով, որ սա ընդամենը սկիզբն է մի ճանապարհի, որը Հայաստանը կդասի աշխարհի հզորագույն տեխնոլոգիական երկրների շարքին։
Հրազդանի հարակից տարածքում՝ 200 հազար քառակուսի մետր մակերեսով հսկայական հողատարածքի վրա տեղակայված այս համալիրն արդեն առաջին փուլում ձեռք է բերում տարածաշրջանի ամենախոշոր տվյալային կենտրոնի կարգավիճակը։ Նախագծի մեկնարկային փուլում կգործարկվի 6000 NVIDIA Blackwell գրաֆիկական պրոցեսոր, որոնք ապահովելու են 110,6 էքսաֆլոպս հաշվարկային հզորություն։ Այս հսկայական ներուժը ստեղծվել է 500 միլիոն դոլարի ներդրման արդյունքում։ Սակայն սա միայն սկիզբն է, քանի որ մինչև տարեվերջ նախատեսվում է ավարտին հասցնել նախագծի երկրորդ փուլը, որի շրջանակներում ներդրումների ծավալը կհասնի աստղաբաշխական 4 միլիարդ դոլարի, իսկ պրոցեսորների թիվը կհասնի 41 հազարի։ Ալեքսանդր Եսայանի համոզմամբ՝ այս հզորությունները թույլ կտան Հայաստանին տեղ զբաղեցնել աշխարհի առաջատար հինգ երկրների ցանկում՝ թե՛ հաշվարկային հզորությամբ և թե՛ օգտագործվող սարքավորումների քանակով։
Այս նախագիծը ոչ միայն մասնավոր բիզնես նախաձեռնություն է, այլև պետական ռազմավարական տեսլականի մարմնավորում։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նշում զ, որ Firebird AI-ը կյանքի է կոչում իր առաջարկած «AI գործարանների պարտեզ» հայեցակարգը։ Սա նշանակում է, որ Հայաստանը վերածվում է արհեստական բանականության ենթակառուցվածքների յուրօրինակ տարածաշրջանային հանգույցի, որը ամպային ծառայություններ է մատուցելու աշխարհի տարբեր ծայրերում գործող խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններին։ Նախարարը հիշեցրեց, որ այս ամենը հնարավոր դարձավ 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված ռազմավարական փաստաթղթի շնորհիվ, որը հնարավորություն տվեց ստանալ ԱՄՆ կառավարության թույլտվությունը՝ Հայաստան ներմուծելու բարձր տեխնոլոգիական չիպեր։
Նախագծի համար Հրազդանի ընտրությունը պատահական չէր և հիմնված էր լուրջ ինժեներական ու բնապահպանական հաշվարկների վրա։ Տվյալային կենտրոնների համար կենսական նշանակություն ունեցող սառեցման համակարգը Հրազդանում հնարավոր է իրականացնել առավելագույն էֆեկտիվությամբ՝ շնորհիվ բարենպաստ կլիմայական պայմանների։ Նույնիսկ ամռան ամենաշոգ օրերին օդի ջերմաստիճանը չգերազանցող 36 աստիճանը թույլ է տալիս կիրառել օդային սառեցում՝ նվազագույնի հասցնելով ջրի օգտագործումը։ Էներգետիկ տեսանկյունից նախագիծը ևս բավականին կայուն հիմքերի վրա է․ առաջին և երկրորդ փուլերի համար անհրաժեշտ 140 մեգավատ հզորությունը կապահովվի երկրում առկա էլեկտրաէներգիայի ավելցուկի հաշվին, ինչը նաև կնպաստի Հայաստանի էներգահամակարգի կայունությանը։
Տեխնիկական հագեցվածության հարցում առանցքային դերակատարում ունի նաև Team Telecom Armenia-ն, որը տրամադրել է նոր սերնդի ցանց՝ 1 Տբիթ/վրկ թողունակությամբ։ Սա ապահովում է անխափան կապ համաշխարհային ինտերնետային մայրուղիների հետ՝ օգտագործելով թե՛ Վրաստանով և Սև ծովով, թե՛ անմիջապես Թուրքիայով անցնող միջազգային օպտիկամանրաթելային կապուղիները։ Ընկերության ներկայացուցիչները փաստում են, որ տարիներ առաջ սկսված ենթակառուցվածքային ներդրումներն այսօր հնարավոր են դարձնում Firebird AI-ի նման հսկաների անխափան աշխատանքը։
Firebird AI-ի ազդեցությունը Հայաստանի տնտեսության և գիտության վրա կլինի բազմաշերտ։ Բացի հազարավոր բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծումից, նախագիծը հնարավորություն կտա արտահանել հայկական ինժեներական մտքի արդյունքը։ Սակայն թերևս ամենակարևոր ձեռքբերումը կառավարության և ընկերության միջև կնքված 25 միլիոն դոլարի պայմանագիրն է։ Դրա համաձայն՝ հայաստանյան գիտական խմբերը, հետազոտական ինստիտուտներն ու ստարտափները հնարավորություն կստանան արտոնյալ պայմաններով օգտվելու այս հզոր հաշվարկային ռեսուրսներից։ Ինչպես նշեց նախարար Հայրապետյանը, սա անգին հարստություն է հայաստանյան տնտեսությունը գիտահեն դարձնելու ճանապարհին, որը ոչ միայն տնտեսական օգուտներ կբերի, այլև կամրապնդի վստահությունը սեփական ուժերի նկատմամբ՝ ապացուցելով, որ Հայաստանն ընդունակ է իրականացնել համաշխարհային մասշտաբի մեգանախագծեր։

