Ինչպե՞ս ստեղծել CV, որը կանցնի AI-ի բոլոր ֆիլտրերով և կհասնի գործատուին
Ինչպե՞ս ստեղծել CV, որը կհաղթահարի AI զտիչներն ու կտպավորի HR-ին։ Ծանոթացեք ATS-ին հարմար ֆորմատին և ճիշտ կառուցվածքին՝ աշխատանքի հրավեր ստանալու համար։
Կիսվել հոդվածով
Հազիվ թե գտնվի մեկն, ում համակարգչում «final_CV_2026» կամ «CV_new_v2» անվանումով որևէ ֆայլ պահված չլինի։ Բայց արդյո՞ք այդ ֆայլը դեռ ակտուալ է այսօրվա արագ փոփոխվող շուկայում։
Վերջերս staff.am-ի LinkedIn էջում իրականացված հարցումը, որին մասնակցել է 541 մասնագետ, ցույց տվեց ուշագրավ պատկեր. հարցվածների 97%-ը նախընտրում է ներկայանալ հենց ավանդական CV-ով։ Չնայած տեխնոլոգիական զարգացմանը՝ վիդեո-հոլովակները (1%), պրեզենտացիաները (1%) և անհատական կայքերը (2%) դեռևս չեն կարողանում փոխարինել այս դասական «այցեքարտին»։
Սա նշանակում է, որ CV-ն մնում է աշխատաշուկայի բացարձակ «արժույթը», սակայն այդ արժույթը պետք է ճիշտ «կոդավորել»՝ ալգորիթմների զտիչները հաջողությամբ հաղթահարելու համար, այն պետք է հավասարապես գրավիչ լինի թե՛ հավաքագրման մասնագետի, թե՛ արհեստական բանականության (AI) համար։
Ինչպե՞ս կազմել այնպիսի CV, որը կհաղթահարի ալգորիթմների զտիչները և կտպավորի HR մասնագետին։ Ահա մի քանի պրակտիկ քայլ։
Քայլ 1. AI-ի համար ընկալելի ձևաչափ
Նախքան բովանդակությանն անցնելը, անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես են AI համակարգերը (ATS) սկանավորում ձեր փաստաթուղթը։ Ռոբոտները տեքստը կարդում են գծային հաջորդականությամբ, ուստի բարդ դիզայներական լուծումները կարող են խաթարել տվյալների մշակումը։ Որպեսզի համակարգը ճիշտ ընկալի ձեր տվյալները, միշտ օգտագործեք տեքստային հիմքով PDF ձևաչափ և խուսափեք CV-ն որպես նկար (JPG/PNG) ուղարկելուց, քանի որ AI-ն պարզապես չի տեսնի դրանցում պարունակվող տեղեկատվությունը։ Ընտրեք պարզ, հեշտ ընթեռնելի տառատեսակներ և հստակ բաժանումներ հետևյալ հաջորդականությամբ՝ Վերնագիր, Ամփոփում, Աշխատանքային փորձ, Կրթություն, Հմտություններ և Հետաքրքրություններ։
Քայլ 2․ Կոնտակտային տվյալներ և պրոֆեսիոնալ էլ․ հասցե
Ձեր CV-ի վերնագիրը պետք է պարունակի միայն ամենաանհրաժեշտ տվյալները։ Պատկերացրեք մի իրավիճակ, երբ գործատուն նամակ է ստանում king777@mail.ru և name.surname@gmail.com հասցեներից։ Միանշանակ է, որ երկրորդ տարբերակը պրոֆեսիոնալության տեսանկյունից շատ ավելի ընդունելի է։ Խուսափեք այս բաժնում նշել ավելորդ անձնական տվյալներ, ինչպիսիք են ծննդյան օրը, ամուսնական կարգավիճակը կամ բնակության ճշգրիտ հասցեն։ AI համակարգերը և պրոֆեսիոնալ գործատուները այս տեղեկատվության կարիքը չունեն, իսկ դրանց առկայությունը կարող է երբեմն անգամ անձնական կողմնակալության պատճառ դառնալ։ Այստեղ պետք է լինի միայն ձեր անուն-ազգանունը, ակտիվ բջջային հեռախոսահամարը և էլ․ հասցեն։
Քայլ 3․ Մասնագիտական ամփոփում (Summary)
Սա ձեր ինքնակենսագրականի այն հատվածն է, որտեղ դուք պետք է կենտրոնացնեք ձեր ոլորտի հիմնական բանալի բառերը (Keywords)։ AI-ն առաջին հերթին փնտրում է սեմանտիկ համապատասխանություն ձեր ամփոփագրի և աշխատանքի հայտարարության պահանջների միջև, ուստի 3-4 տողով ներկայացրեք ձեր ուժեղ կողմերը՝ օգտագործելով այն տերմինները, որոնք բնորոշ են ձեր մասնագիտությանը (օրինակ՝ Project Management, Data Analysis, SEO)։
Քայլ 4․ Աշխատանքային փորձ
Աշխատանքային փորձը ձեր CV-ի ամենագործուն մասն է, և այն պետք է ներկայացվի հակադարձ ժամանակագրական կարգով՝ սկսելով ամենավերջին աշխատավայրից։ Փորձը նկարագրելիս խուսափեք պարտականությունների պարզ թվարկումից և կենտրոնացեք ձեռքբերումների քանակականացման վրա։ AI-ը և HR մասնագետները շատ բարձր են գնահատում չափելի արդյունքները. օրինակ՝ ընդհանուր բնույթի «Պատասխանատու էի վաճառքի համար» նախադասության փոխարեն գրեք՝ «Իրականացված ռազմավարության շնորհիվ բարձրացրել եմ վաճառքի ծավալները 15%-ով 10 ամսվա ընթացքում»։
Յուրաքանչյուր կետ սկսեք ուժեղ գործողության բայերով, ինչպիսիք են՝ Developed (Մշակել եմ), Managed (Կառավարել եմ), Improved (Բարելավել եմ) կամ Created (Ստեղծել եմ): Սա համակարգին ազդակ է տալիս ձեր ակտիվ ներգրավվածության և արդյունք ստեղծելու ունակության մասին։
Քայլ 5․ Կրթություն
Կրթության բաժնում նշեք բուհը, ֆակուլտետը և ստացած աստիճանը։ Խուսափեք դպրոցական տարիների մասին նշելուց. սկսեք անմիջապես մասնագիտական կրթությունից։ Ցանկալի է ներառել նաև ոչ ֆորմալ կրթությունը՝ վերապատրաստման այն դասընթացները, որոնք երկարատև են եղել և առնչվում են ձեր մասնագիտական (hard) կամ անձնային (soft) հմտություններին։ Եթե ունեք կարևոր վկայականներ, անուններից բացի տեղադրեք նաև հղումներ, որոնք կտանեն դեպի վկայականի թվային տարբերակ, քանի որ AI-ն հաճախ սքանավորում է նաև կից հղումները։
Քայլ 6․ Հմտություններ
Հմտությունների բաժինը պետք է ներառի թե՛ մասնագիտական (Hard), թե՛ անձնային (Soft) որակները։ Staff.am-ի «ՀՀ Աշխատաշուկա 2025» զեկույցում կգտնեք այն հմտությունները, որոնք ամենապահանջվածն են եղել 2025-ին։
«Ծանոթանալ ՀՀ Աշխատաշուկա 2025 զեկույցին»
Խորհուրդ․ staff.am հարթակում ձեր պրոֆիլը լրացնելիս անպայման օգտագործեք համակարգի առաջարկած Skills Tags-երը։ Սա կարևոր նշանակություն ունի, քանի որ ալգորիթմը հենց այս tag-երի միջոցով է նույնականացնում ձեր պրոֆիլը և այն համապատասխանեցնում գործատուի պահանջներին։ Ցանկալի չէ նշել այնպիսի հմտություններ, ինչպիսիք են Word-ին կամ Google Chrome-ին տիրապետելը, քանի որ ժամանակակից աշխարհում սա ընկալվում է որպես բազային գիտելիք։
Քայլ 7․ Հետաքրքրություններ և հավելյալ հղումներ
Հետաքրքրություններն ու հոբբիները լավագույնս բացահայտում են ձեր պոտենցիալը և կարող են ձեզ առանձնացնել մյուս թեկնածուներից։ Ինչ վերաբերում է հղումներին, ապա կցեք միայն ձեր պրոֆեսիոնալությունը ներկայացնող հարթակները (LinkedIn, GitHub, Behance)։ Հիշեք, որ սոցիալական էջ ասելով՝ գործատուն նկատի ունի ոչ թե ձեր անձնական նկարները, այլ ձեր մասնագիտական բլոգը կամ պորտֆոլիոն։
Գրագետ CV ունենալու մի քանի խորհուրդ staff.am-ից
Պրոֆեսիոնալ և մրցունակ CV կազմելու համար պետք է լուրջ պատրաստվածություն, որը գուցե ժամանակատար է, բայց միևնույն ժամանակ առավել քան կարող է օգնել աշխատանքի հարցում։ Խորհուրդ ենք տալիս դիտել Career Factory-ի 4C դասընթացը, որտեղ անդարդարձել ենք CV-ի ամբողջական կառուցվածքին, և կիսվում ենք պրոֆեսիոնալ և մրցունակ CV ունենալու բոլոր գաղտնիքները։
Երբ արդեն ունեք լիարժեք ու գարգետ կազմաված CV, պարզապես հետևեք հետևյալ քայլերին, գործատուի կողմից նկատվելու համար․
- Ստեղծեք ձեր անձնական պրոֆիլը staff.am-ում և ստեղծեք ու ներբեռնեք CV. Լրացնելով ձեր տվյալները մեկ անգամ՝ դուք կարող եք ավտոմատ գեներացնել պրոֆեսիոնալ CV և ներբեռնել ու պահպանել այն։ Սա երաշխավորում է, որ ձեր CV-ն կունենա AI-ի համար ընկալելի ճիշտ կառուցվածք։
- Ակտիվացրեք «Ակտիվ փնտրում եմ» բեջը. Սա թույլ կտա ձեզ միանգամից նկատելի դառնալ գործատուների շրջանում։ Այս բեջը ազդակ է հավաքագրման մասնագետների համար, որ դուք բաց եք նոր առաջարկների համար և պատրաստ եք արագ արձագանքել։
- Լրացրեք պրոֆիլը 100%-ով. Ամբողջական լրացված պրոֆիլները ունեն շատ ավելի բարձր տեսանելիություն AI ալգորիթմների համար։
- Պարբերաբար թարմացրեք էջը. Ակտիվ օգտատերերը որոնման արդյունքներում հայտնվում են ավելի բարձր հորիզոնականներում։
Գրագետ կառուցված CV-ն ոչ միայն բացում է փակ դռները, այլև հող է նախապատրաստում հաջող հարցազրույցի համար՝ ձեզ ներկայացնելով որպես ժամանակակից, տեխնոլոգիապես զարգացած և արդյունքի վրա կենտրոնացած մասնագետ։

