RISE 2026 |Հայաստանը ներկայացնում է իր տեխնոլոգիական վերելքն ու ինժեներական նորարարությունները
Ծանոթացեք հայկական ինժեներական նորարարություններին և պաշտպանական նոր լուծումներին հունիսի 3-4-ը կայանալիք RISE 2026 ցուցահանդեսի ընթացքում։
Կիսվել հոդվածով
Հայաստանի տեխնոլոգիական հանրությունը պատրաստվում է մի կարևոր իրադարձության, որը կոչված է ազդարարելու երկրի ինժեներական և արդյունաբերական նոր հանգրվանը։ Մայիսի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում պաշտոնապես ներկայացվեցին հունիսի 3-4-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք «RISE Powered by Silicon Mountains 2026» երկօրյա բարձր տեխնոլոգիական ցուցահանդեսի և ֆորումի մանրամասները։ Այս նախաձեռնությունը, որն իրականացվում է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության (ՏՀՏԳՄ) կողմից՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ, հանդես է գալիս «Մենք ենք մեր սարերը՝ վերելք» խորհրդանշական կարգախոսի ներքո։ Այն մարմնավորում է հայկական տեխնոլոգիական մտքի կայունությունն ու դեպի նոր բարձունքներ ձգտելու անկոտրում կամքը՝ նպատակ ունենալով ամրապնդել պետություն-մասնավոր հատված արդյունավետ համագործակցությունը։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, կարևորելով միջոցառման ռազմավարական նշանակությունը, նշեց, որ Հայաստանի համար այժմ վճռորոշ ժամանակաշրջան է տնտեսական մոդելի փոփոխության տեսանկյունից։ Ըստ նախարարի՝ վերջին տարիների ձեռքբերումները թույլ են տալիս մեզ դուրս գալ զուտ ծառայություններ մատուցողի դերից և ստանձնել տեխնոլոգիական լիարժեք արժեք ստեղծողի առաքելությունը։
Նախարարը մասնավորապես շեշտեց.
Այժմ առաջնահերթ է ծառայություններ մատուցող երկրից անցում կատարել սեփական տեխնոլոգիական արտադրանք ստեղծող և արտահանող պետության մոդելին։
Հենց այս նպատակին է ուղղված նաև Կառավարության կողմից տրամադրվող 60 միլիոն դրամի աջակցությունը, որը կնպաստի ռազմարդյունաբերական և ինժեներական ներուժի լիարժեք բացահայտմանը։
Ցուցահանդեսի շրջանակում այցելուները հնարավորություն կունենան տեսնելու հայկական արտադրության դրոններ, զրահապատ մեքենաներ, կապի ժամանակակից միջոցներ ու պաշտպանական համակարգեր։
ՏՀՏԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը հավելեց, որ իրենց նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ տեխնոլոգիական առաջընթացը կլինի առավելագույնս շոշափելի ու տեսանելի բոլորի համար։ Նա ընդգծեց միջոցառման ցուցադրական կողմի կարևորությունը՝ նշելով.
Մենք ցանկանում ենք, որ այցելուները ոչ միայն լսեն հայկական մշակումների մասին, այլև տեսնեն և շոշափեն այն առաջընթացը, որն այսօր կա Հայաստանում։
Միջոցառումը նաև կարևոր կրթական և գործարար հարթակ է լինելու։ Երիտասարդների համար կազմակերպվելու են հատուկ սիմուլյացիոն դասընթացներ, օրինակ՝ անօդաչու սարքերի կառավարման վերաբերյալ, ինչը պետք է ոգեշնչի նոր սերնդին ընտրել ինժեների մասնագիտությունը։ Մյուս կողմից, «բիզնեսը բիզնեսի համար» (B2B) գոտում տեղական ընկերությունները կկարողանան քննարկել համատեղ ծրագրեր ու միավորել իրենց ջանքերը։
ՏՀՏԳՄ նախագահ և «Յունիքոմփ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանն այս համատեքստում նշեց, որ հայկական տեխնոլոգիական թիմերի ներուժը երկար ժամանակ սպասարկել է համաշխարհային տնտեսությանը, սակայն այժմ ժամանակն է ստեղծել սեփական, մասշտաբային արժեք։ Նրա խոսքով՝ միայն միասնական ջանքերով է հնարավոր հասնել գլոբալ հաջողության.
Առանձին գործելով՝ փոքր ընկերությունների համար դժվար է ստեղծել մասշտաբային և մրցունակ արտադրանք, այդ պատճառով կարևոր է ձևավորել համագործակցային միջավայր։
«RISE Powered by Silicon Mountains 2026»-ը կամփոփվի երեք հիմնական պանելային քննարկումներով, որոնք կվերաբերեն կիբեռանվտանգությանը, պաշտպանական արդյունաբերությանը և ինժեներական նորագույն լուծումներին։
Միջոցառման իրականացմանն իրենց մեծ ներդրումն ունեն նաև գործընկեր կազմակերպությունները՝ պլատինե գործընկեր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և ոսկե գործընկեր «Յունիքոմփը»։
Թեև ցուցահանդեսի մուտքն ազատ է լինելու լայն հանրության համար, ֆորումի քննարկումներին մասնակցել ցանկացողները պետք է նախապես գրանցվեն Silicon Mountains-ի պաշտոնական կայքումժ։
Գրանցվել հիմա

