Շաբաթվա գիրքը | Սեր + աշխատանք (Love + work)

Շաբաթվա գիրքը | Սեր + աշխատանք (Love + work)

Sstaffmedia.am
13 փետրվարի 2026
5 րոպե ընթերցում
1,064
Կիսվել հոդվածով

Երբ տեսնում եք, որ ինչ-որ մեկը մի բան գերազանց է անում, դրա մեջ միշտ սեր կա:

Պատկերացրեք, որ ամեն առավոտ հագնում եք մի անտեսանելի համազգեստ, որը ձեզ չի համապատասխանում։ Այն սեղմում է ուսերը, խանգարում ազատ շնչել, բայց դուք ստիպված եք ժպտալ և ձեզ պահել այնպես, ասես դա ձեր երկրորդ մաշկն է։ Դուք մտնում եք գրասենյակ, բացում համակարգիչը և սկսում կատարել գործողություններ, որոնք ձեզնից պահանջում են հմտություն, բայց ոչ երբեք՝ իրական ներդրում։ Սա այն վիճակն է, որը Մարկուս Բաքինգհեմն անվանում է «կորած մարդկանց համաճարակ»՝ երբ մենք ֆիզիկապես ներկա ենք, բայց մեր իրական «ես»-ը թողել ենք դռան մյուս կողմում։
staffmedia.am-ում շարունակում ենք ներկայացնել այն գրքերը, որոնք փոխում են մեր մոտեցումները աշխատանքին և կյանքին։ Մեր նախորդ հոդվածում անդրադարձել էինք Բրենե Բրաունի «Խիզախի՛ր առաջնորդել» գրքին՝ քննարկելով խոցելիության ուժն ու առաջնորդության խիզախությունը։ Այս շաբաթ կխոսենք մի երևույթի մասին, որը սովորաբար դուրս է մնում բիզնես ռազմավարություններից և տարեկան հաշվետվություններից, բայց առանց որի ցանկացած հաջողություն կարճատև է. խոսքը սիրո մասին է:

Այսօր կբացատրենք, թե ինչպես գտնել ձեր «կարմիր թելերը»՝ այն գործողությունները, որոնք ձեզ էներգիա են տալիս, և ինչպես դրանք հյուսել ձեր ամենօրյա աշխատանքի մեջ՝ անկախ նրանից, թե ինչ պաշտոն եք զբաղեցնում։

Մաս 1. Սիրո նշանները. Ինքնաբացահայտում և «Կարմիր թելեր»

Մարկուս Բաքինգհեմը գիրքը սկսում է մարդկային ինքնության խորքային վերլուծությամբ՝ ներմուծելով հին սկանդինավյան «Wyrd» հասկացությունը։ Սա յուրաքանչյուր մարդու եզակի ոգին է, նրա անհատական ճակատագիրը, որը կոդավորված է յուրաքանչյուրի մեջ ի ծնե։ Դա ձեր ներքին ազդակն է: Բաքինգհեմը պնդում է, որ ձեր սիրած զբաղմունքները պատահական չեն. դրանք կոդավորված են ձեր ԴՆԹ-ի և ուղեղի կառուցվածքի մեջ: Այն, ինչ դուք սիրում եք, ազդանշան է նրա, թե ինչում կարող եք լինել հանճարեղ: Հեղինակը պնդում է, որ մենք հաճախ սխալ ենք ընկալում սերը՝ համարելով այն միայն ռոմանտիկ զգացմունք, մինչդեռ իրականում սերը հզոր կենսաբանական ազդակ է։ Այն դրսևորվում է որպես անկառավարելի ուշադրություն. այն, ինչին ձեր միտքը ինքնաբերաբար ձգտում է, և այն գործողությունները, որոնց ընթացքում ժամանակի զգացողությունը կորչում է, հենց ձեր ուժեղ կողմերի իրական ցուցիչներն են։ Երբ դուք անում եք մի բան, որը սիրում եք, ձեր ուղեղը հեղեղվում է դոֆամինով և անանդամիդով : Սա հանգեցնում է ստեղծագործական մտքի և սովորելու ունակության աճին: Հետևաբար, սերն աշխատանքում «շքեղություն» չէ, այլ անհրաժեշտություն՝ բարձր արդյունավետության համար:

Այս համատեքստում Բաքինգհեմը առաջ է քաշում «Կարմիր թելերի» (Red Threads) գաղափարը։ Նա բացատրում է, որ պարտադիր չէ սիրել աշխատանքն ամբողջությամբ։ Փոխարենը, պետք է գտնել և առանձնացնել այն կոնկրետ գործողությունները, պահերը և մանրուքները, որոնք ձեզ էներգիա և հաճույք են պատճառում։ Հենց այս «կարմիր թելերն» են, որ պետք է հյուսվեն մեր առօրյա կյանքի և աշխատանքի մեջ՝ ստեղծելով իմաստալից և բավարարվածությամբ լի գործունեություն։

Ճանաչիր դրանք, արժևորիր և թող որ դրանք ծառայեն իբրև ներդրում, և դու կդառնաս քո լավագույն ու ամենահզոր տեսակը։

Մաս 2. Յոթ դևերը

Գրքի երկրորդ հատվածում հեղինակը բացահայտում է այն արտաքին և ներքին ուժերը՝ «յոթ դևերին», որոնք մեզ հեռացնում են մեր իսկական ես-ից և թույլ չեն տալիս ապրել սիրով։ 

  1. Խմբային մտածողություն (Group-Think)
    Դևը. Միտքը, որ մենք պարզապես մեր միջավայրի արդյունքն ենք։
    Լուծումը. Հիշեք, որ դուք եզակի եք (Wyrd)։ Մի փորձեք ձուլվել ամբոխին կամ համապատասխանել խմբի ստանդարտներին։
  2. Գերազանցության անեծքը (The Excellence Curse)
    Դևը. Համոզմունքը, որ եթե դուք լավ եք անում մի բան, ուրեմն դա ձեր ուժեղ կողմն է։
    Լուծումը. Տարբերակեք «կոմպետենտությունը» և «ուժը»։ Դուք կարող եք գերազանց անել մի գործ, որը ատում եք։ Դա ձեզ կտանի դեպի այրում (burnout)։ Ուժեղ կողմն այն է, ինչը ձեզ էներգիա է տալիս։
  3. Սխալ բնազդ (Mis-Instinct)
    Դևը. Երբ մենք ճնշում ենք մեր ինտուիցիան՝ վստահելով «տրամաբանությանը» կամ կորպորատիվ կանոններին։
    Լուծումը. Վերականգնեք կապը ձեր ներքին ազդակների հետ, հատկապես որոշումներ կայացնելիս։
  4. Հետադարձ կապ (Feedbacking)
    Դևը. Այն գաղափարը, որ ուրիշների խորհուրդներն ու քննադատությունը զարգացման միակ ճանապարհն են։
    Լուծումը. Բաքինգհեմը դեմ է «կառուցողական քննադատությանը»։ Նա պնդում է, որ մարդիկ աճում են ուշադրությունից և խրախուսանքից, ոչ թե սխալների մատնանշումից։
  5. Վախի դեմ պայքար (Fear-Fighting)
    Դևը. Վախը, որը ստիպում է մեզ խուսափել ռիսկից։
    Լուծումը. «Ձեր վախերին պատասխանեք սիրով»։ Մի փորձեք ոչնչացնել վախը, այլ հասկացեք, թե ինչ է այն ձեզ ասում, և գործեք՝ չնայած դրան։
  6. Գնահատիր և դասակարգիր ինձ (Rate-Me-Rank-Me)
    Դևը. Համեմատություն։ Դպրոցական գնահատականներից մինչև աշխատանքային KPI-ներ՝ համակարգը փորձում է մեզ համեմատել։
    Լուծումը. Երբ համեմատվում ես, դու անհետանում ես։ Կենտրոնացեք ձեր անհատական առաջընթացի վրա։
  7. Դիմացիր (Suckitup)
    Դևը. Այն համոզմունքը, որ աշխատանքը պետք է դժվար և տհաճ լինի, և պետք է պարզապես «դիմանալ»։
    Լուծումը. Սերը շքեղություն չէ, այն անհրաժեշտություն է։ Առանց սիրո անհնար է հասնել կայուն արդյունքների

Մաս 3. Կյանքի կոչել «Սեր + Աշխատանք»-ը

Ձեր աշխատանքի իրական նպատակն է՝ օգնել ձեզ բացահայտել այն, ինչ սիրում եք. աշխատանքը սիրո համար է։

Գրքի եզրափակիչ մասը նվիրված է գործնական փոփոխություններին, որոնք կարող են վերափոխել մեր կարիերան, առաջնորդության ոճը և ընտանեկան հարաբերությունները։ Առանցքային լուծումը «20%-ի կանոնն» է. հետազոտությունները ցույց են տալիս, որ մասնագիտական այրումից խուսափելու և երջանիկ լինելու համար բավական է, որ աշխատանքային ժամանակի գոնե 20%-ը բաղկացած լինի մեր սիրած գործողություններից («կարմիր թելերից»)։ Բաքինգհեմը առաջարկում է ոչ թե անմիջապես լքել աշխատանքը, այլ զբաղվել «Job Crafting»-ով՝ վերաձևելով ներկայիս պարտականությունները այնպես, որ դրանք համապատասխանեն մեր ուժեղ կողմերին։

Այս փիլիսոփայությունը տարածվում է նաև ղեկավարման և ծնողավարության վրա։ Հեղինակը քննադատում է ստանդարտ գնահատման համակարգերը՝ առաջարկելով փոխարինել դրանք շաբաթական անհատական զրույցներով (Check-ins), որոնց նպատակն է բացահայտել աշխատակցի ընթացիկ ոգեշնչման աղբյուրները։ Նույն մոտեցումը պետք է ցուցաբերել երեխաների հանդեպ՝ հրաժարվելով նրանց մեր պատկերացրած կաղապարների մեջ տեղավորելուց։ Փոխարենը, մենք պետք է դառնանք ուշադիր դիտորդներ՝ օգնելով նրանց բացահայտել և զարգացնել իրենց սեփական, եզակի «Wyrd»-ը։

Ամփոփում

 Մարկուս Բաքինգհեմը մեզ թողնում է այն կարևորագույն մտքով, որ սեփական սիրուն հետևելը եսասիրություն չէ։ Ընդհակառակը, դա ամենամեծ պատասխանատվությունն է և ամենաարժեքավոր նվերը, որ կարող եք մատուցել հանրությանը։ Երբ դուք ճնշում եք ձեր «Wyrd»-ը և փորձում տեղավորվել ուրիշների սահմանած շրջանակներում, աշխարհը զրկվում է ձեր եզակի ներդրումից։

Հետևաբար, մի՛ սպասեք կատարյալ աշխատանքի հայտնվելուն և մի՛ ապրեք հանգստյան օրերի սպասումով։ Սկսեք հենց այսօր՝ ձեր ներկայիս աշխատանքի մեջ որսալով այն «կարմիր թելերը», որոնք ձեզ կենդանություն են հաղորդում։ Վստահեք ձեր զգացողություններին ավելի շատ, քան արտաքին գնահատականներին, քանի որ անընդհատ փոփոխվող աշխարհում հենց սերն է այն միակ ճշգրիտ կողմնացույցը, որը ձեզ կտանի դեպի իրական հաջողություն և երջանկություն։

Կիսվել հոդվածով

staffmedia.am

staffmedia.am` Մարդիկ | Բիզնես | Աշխատաշուկա

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: