Խաղ. նավարկել ստեղծարարության մակարդակներում

Խաղ. նավարկել ստեղծարարության մակարդակներում

ԱԿԱննա Կոնջորյան
26 ապրիլի 2024
4 րոպե ընթերցում
488
Կիսվել հոդվածով

Շատերը կարծում են, թե ստեղծարարությունը կախարդանք է կամ հեքիաթային ձիրք, մարդը կա՛մ օժտված է այդ կախարդանքով, կա ՛մ՝ ոչ: Վերջին տարիներին իմ ուսումնասիրություններից, բազմաթիվ հայտնի և անհայտ մարդկանց օրինակներից եկա այն եզրահանգման, որ այդքան էլ այդպես չէ: Ստեղծարարությունն ամենուր է, և այն  հնարավոր է զարգացնել տվյալ ոլորտի նկատմամբ սիրո, աշխատասիրության, համառության միջոցով:

Խաղ գիտելիքի հետ

Ստեղծարարությունը սկսվում է այն պահից, երբ նկատում ենք կարևոր մանրուքներ ու «խաղ»-ի մեջ մտնում վերջիններիս հետ: Իսկ ինչպե՞ս:

«Խաղ» 1` դադար

Ստեղծարարության զարգացման կարևորագույն ասպեկտներից մեկը ոչ միայն նոր գիտելիք ստանալն է, այլև այդ գիտելիքի հետ կոգնիտիվ գործընթացների մեջ ներգրավվելը: Երբ մենք ձեռք ենք բերում նոր գիտելիք և համարում ենք այն արժեքավոր մեզ համար, այստեղ կարևոր է ուղղակի նրա կողքով չանցնել, դադար վերցնել: Անհրաժեշտ է միտումնավոր ջանքեր գործադրել՝ հասկանալու համար, թե ինչպես կարելի է այն կիրառել մեր աշխատանքում:
Երբ մենք որևէ կերպ չենք կապում այդ նոր գիտելիքը մեր աշխատանքի հետ կամ նախասիրությունների հետ, այն մնում է պասիվ տեղեկատվություն: Մեր երևակայությունն օգնում է մեզ փոխկապել նոր ձեռք բերած գիտելիքը: Նոր գիտելիքը երևակայության միջոցով մեր ոլորտի հետ փոխկապելու կոգնիտիվ գործընթացում ակտիվանում են մեր ստեղծարար ունակությունները:

«Խաղ 3»՝ անսպասելի կապեր

Ստեղծարարության բարձր դրսևորումներից մեկն այն է, երբ նկատում ենք առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող երկու երևույթների միջև թաքնված նմանություններ, համադրում այդ երևույթները և ստեղծում նորը:

Ստեղծարարության մակարդակներ

Էլիս Փոլ Թորենսը (1915-2003) ամերիկացի հոգեբան էր՝ հայտնի ստեղծարարության ոլորտում ունեցած իր բազմաթիվ հետազոտությունների և ներդրումների համար: Նա ստեղծել է մի հայեցակարգ, որը կոչվում է «Ստեղծարարության 4 մակարդակների հայեցակարգ» (4 C Levels): Այս հայեցակարգը ցույց է տալիս, թե ինչ փուլերից է բաղկացած մարդու ստեղծագործական զարգացումն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կրթությունը, հոգեբանությունը, բիզնեսը:
Այս հոդվածում ես անդրադառնում եմ այս հայեցակարգին կազմակերպությունում աշխատող մարդու տեսանկյունից:

Ըստ Թորենսի՝ մարդ կարող է անցնել ստեղծագործական հետևյալ մակարդակները՝

✅ Աննշան ստեղծարարություն (Mini C),

✅ Փոքր ստեղծարարություն (Little C),

✅ Հմուտ ստեղծագործողներ (Pro C),

✅ Մեծ ստեղծագործողներ (Big C):

Մարդ հայտնվում է Mini-C ստեղծարարության մակարդակում, երբ ստանում է նոր տեսակի առաջադրանք կամ խնդիր, որից հետո պետք է իր իմացած գիտելիքների սահմանները հատի ու նորովի մտածի:
Այս մակարդակում աշխատակիցը կատարում է իր աշխատանքը և միևնույն ժամանակ շատ գիտելիքներ ձեռք բերում:
Կազմակերպության համատեքստում Mini-C ստեղծարարության մակարդակը սովորաբար չի հանգեցնում որևէ շոշափելի գիտելիքի կամ հայեցակարգի ստեղծմանը: Փոխարենն աշխատակցի համար հնարավորություն է ստեղծվում բախվել նոր մարտահրավերների և գրանցել անձնային աճ, ինչն, իհարկե, շատ կարևոր հիմք է ապագա ստեղծագործական ներդրումների համար: Այս մակարդակում հիմնականում սկսվում է «խաղ 1»-ը:

Ըստ Թորենսի՝ ստեղծարարության Big-C բարձրագույն մակարդակ հասած փոքրաթիվ մարդիկ բացառիկ ստեղծագործողներ են: Նրանք օժտված են հազվագյուտ առաջնորդական հմտություններով, հայտնի են իրենց հեռատեսությամբ, իրերին շատ բարձրից նայելու կարողությամբ, ունեն խորքային միջդիսցիպլինար գիտելիքներ:

Այս մարդիկ բացառիկ կարողություններ ունեն՝ նկատելու օրինաչափություններ ակնհայտորեն իրար հետ կապ չունեցող երևույթների միջև, միաձուլել դրանք և զարգացնել նոր հասկացություններ՝ նավարկելով բոլոր երեք «խաղերով»:
Այս ունակությունները թույլ են տալիս մարտահրավեր նետել գոյություն ունեցող հայեցակարգերին, մշակել նորերը և հաղթահարել դժվարություններն այսօրվա փոփոխվող աշխարհում:

Անցումը հաջորդ մակարդակ

Նախ՝ ազնվորեն ինքներս մեզ գնահատենք, թե որ մակարդակում ենք այս պահին գտնվում:

✅ Արդյո՞ք կարողանում ենք ինքնուրույն խնդիրների համար լուծումներ մտածել,

✅ Արդյո՞ք կարողանում ենք խնդիրներին ոչ սովորական տեսանկյուններից մոտենալ,

✅ Արդյո՞ք որևէ նոր գիտելիք հայտնաբերելիս կարողանում ենք որսալ մտապատկերներ՝ այդ երևույթները մեր աշխատանքային տարածություն բերելու համար,

✅ Արդյո՞ք մեր կամ հարակից ոլորտներում հետազոտությունների ժամանակ վերացական գաղափարներ և տեսություններ հանդիպելիս կարողանում ենք պատկերացնել դրանց պրակտիկ կիրառումը մեր աշխատանքի մեջ,

✅ Արդյո՞ք կարող ենք բեկումնային լուծումներ առաջարկել, պայքարել ու հաղթահարել ճանապարհին հանդիպող դժվարություններն ու առարկությունները, որոնք հիմնականում անխուսափելի են:

Ամեն հաջորդ մակարդակ անցնելու համար անհրաժեշտ է զարգացնել հետաքրքրասիրությունը, մտավոր ճկունությունը և վճռականությունը, հատկապես, ստեղծարարության հայեցակարգի ավելի բարձր մակադակներում:
Ամեն հաջորդ մակարդակում առաջխաղացում ունենալու համար պահանջվում է մեծ նվիրվածություն, շարունակական ուսուցում, նախաձեռնողականություն, տոկունություն և, իհարկե, խաղալու հավես:

Նավարկելով ստեղծարարության շերտերով՝ մենք ոչ միայն զարգացնում ենք մեր կոգնիտիվ ունակությունները, գրանցում անձնային աճ, արժեք բերում մեր կազմակերպությանը, այլև բարձրացնում ենք մեր մտավոր բարեկեցությունը և կյանքի որակը:

Կիսվել հոդվածով

Աննա Կոնջորյան

Սեղծարար մտածողության պրակտիկ հետազոտող | «Վերելք» կենսագրական գրքի հեղինակ | «Ամիօ» բանկի կորպորատիվ մշակույթի բաժնի ղեկավար

Բաժանորդագրվե՛ք մեր նորություններին

Ստացե՛ք աշխատաշուկայի և բիզնես ոլորտի վերջին նորությունները անմիջապես Ձեր էլ. փոստին

Բաժանորդագրվելով դուք համաձայնում եք ստանալ staffmedia.am-ի նորությունները ձեր էլ. փոստով: Դուք կարող եք ցանկացած պահին հրաժարվել բաժանորդագրությունից: